Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանին (Jean-Michel Oughourlian)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի հայկական ծագումը ավելի կդյուրացնի նրա գործունեությունը Հայաստանում:

 Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Ուղուրլյանն ասել է, որ կանի առավելագույնը՝ Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի ծրագրերի ընդլայնման համար:

Նշենք, որ Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կազմավորվել է 1961թ. հունիսի 27-ին: Այն համարվում է Երուսաղեմում դեռեւս 1080թ. հիմնադրված Բարեխնամ Ասպետական Ուխտի իրավահաջորդ կառույց, որն ի սկզբանե կոչված է եղել խնամել Սուրբ երկիր ուղեւորված հիվանդ ու աղքատ ուխտագնացներին: Խաչակրաց առաջին արշավանքի ընթացքում, 1099թ. Երուսաղեմի նվաճումից հետո, այն իր իսկ արտոնությամբ դարձել է ռազմական ուխտ: Այսօր Մալթայի Ինքնիշխան Ուխտն ունի 12.500 անդամ եւ 80.000 մշտական կամավոր, որոնք բարեգործական եւ բժշկական առաքելություններ են իրականացնում աշխարհի տարբեր անկյուններում: