Իսրայելի առաջին արքայի տպավորիչ արձանը, որը հանրային տեսադաշտից անհետացել էր 150 տարի առաջ, հայտնաբերվել էր անգլիական դպրոցում։ Այն ձեռք է բերվել Հյուսիսային Կարոլինայի արվեստների թանգարանի կողմից, փոխանցում MIGnews-ը։
Սակայն մինչ «Սավուղ արքան չարի ազդեցության տակ» անունը կրող քանդակն իր տեղը կզբաղեցնի թանգարանի մշտական հավաքածուի մեջ, ռեստավրատորները պետք է այն մաքրեն այն փայլերից, որ մնացել են արձանի հագուստի ծալքերում, ինչպես նաեւ այլ մնացորդից, որը կարող է եղունեգների սեւ լաք լինել։
Կարծես թե, քոլեջի ուսանողներին դուր է եկել Սավուղին կերպարանափոխել, օրինակ, «Մատանիների տիրակալ» կամ «Ձմեռ պապ» դարձնել։
Հանրությունը կարող է հետեւել, թե ինչպես են մաքրում արձանը թանգարանի Արեւելյան շենքում։ Մաքրման աշխատանքները կսկսեն 2019 թվականի գարնանը։
Ամերիկացի քանդակագործ Վիլիամ Վեթմոր Սթորին «Սավուղին» քանդակել է 1865 թվականին Հռոմում։ Ինչ-որ կերպ, երբ պատմաբանները 100 տարի անց սկսել են քանդակագործի ճակատագիրը ուսումնասիրել, նրա գլուխգործոցը չեն կարողացել գտնել։





























