Սարատովում 64-ամյա թոշակառու կինը դարձել է քրեական գործով անցնող անձ այն բանից հետո, երբ ամուսնուն պաշտպանել է հարբած խուլիգաններից։ Այս մասին տեղեկացրել է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսին։ Երեք տղամարդ՝ 23-29 տարեկան, գիշերը ոգելիչ խմիչք են օգտագործել թոշակառուների տան հարեւանությամբ։ Երբ տանտիրուհին դուրս է եկել եւ նկատողություն արել նրանց, վեջիններն սկսել են վիրավորել նրան։ Ամուսինը փորձել է պաշտպանել կնոջը, ինչից հետո խուլիգանները նրան գետնին են տապալել ու սկսել ծեծել։ Կինը, փորձելով պաշտպանել ամուսնուն, ձեռքն է վերցրել այգու տապարն ու քշել հարձակվողներին։

Ինչպես «КП-Саратов»-ին պատմել է թոշակառու կինը, նրանք որոշել էին ոստիկանություն չդիմել, քանի որ հարձակվողներից մեկն իրենց հարեւանն է եղել, որին մանկուց ճանաչել են։ Բայց որոշ ժամանակ անց կնոջը տեղեկացրել են, որ երեք երիտասարդները նրա դեմ բողոք են ներկայացրել, եւ հիմա նրան մեղադրում են թեթեւ մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

Պարբերականի տվյալներով՝ թոշակառու կնոջ գործը դատարան չեն հանձնել, քանի որ դրանով հետաքրքրվել է մարզի դատախազությունը։ Ինչպես թերթին պարզաբանեցին վերահսկիչ գերատեսչությունում, ներկայում ստուգում է իրականացվում, որի ընթացքում կպարզվի, թե արդյոք իրավաչափ է մեղադրական եզրակացության հաստատումը շրջանի դատախազի տեղակալի կողմից։