Նիկոլ Փաշինյանը չվերացրեց այն երեւույթները, որոնք ժամանակին քննադատում էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնակատարը, լինելով ընդդիմադիր, քննադատում էր սուպերվարչապետության ինստիտուտը, սակայն այսօր նա չի գնում քայլերի, որոնք կթուլացնեն այն:

«Խոսքն այն մասին է, որ օրինակ, այսպես կոչված օպտիմալացման արդյունքում Նիկոլ Փաշինյանը չցանկացավ, որ իր անմիջական ենթակայության տակ գտնվող Ոստիկանությունը ՆԳՆ դառնա, քանի որ տվյալ դեպքում այն նաեւ ԱԺ ենթակայության տակ կգտնվի, ինչը կթուլացնի նրա սուպերվարչապետության համակարգը: Մյուս կողմից, նման որոշումը ոստիկանապետի սրտով չէր լինի, որը դարձավ նրանցից մեկը ու օգնեց վարչապետին հեղափոխություն անել», - ասաց Բադալյանը:

Կառավարության կողմից անցկացվող օպտիմալացման արդյունավետության մասին խոսելով՝ Բադալյանն ասաց. «Նախագիծը, որը ներկայացրել է Կառավարությունը, չի կարելի օպտիմալացման նախագիծ անվանել:

Օպտիմալացումը ենթադրում է խնդրի լուծման հայեցակարգային մոտեցում: Սակայն ներկայացված նախագծում ոչ հայեցակարգային մոտեցում կա, ոչ տրամաբանություն: Կառավարությունը վարում է մեխանիկական կրճատում եւ նախարարությունների միավորում»:

Պատասխանելով հարցին, թե ինչ հետեւանքների կհանգեցնի Սփյուռքի նախարարության լուծարումը, փորձագետը նշեց, որ նման որոշումը, փաստորեն, կհանգեցնի շատ կարեւոր ռեսուրսի կորստի: «Հայկական սփյուռքը, որը քանակական առումով ավելի մեծ է, քան Հայաստանի բնակչությունը, որակյալ ռեսուրս է: Այս ռեսուրսի գրագետ օգտագործման դեպքում կարելի է պետության լուրջ զարգացում ապահովել:

Այս նախարարության լուծարումը խոսում է այն մասին, որ իշխանությունը արտաքին քաղաքական մարտահրավերների լրջության, ինչպես նաեւ սփյուռքի դերի մասին պատկերացում չունի այդ մարտահրավերների հաղթահարման գործում։ Նոր իշխանությունները պետք է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ ձեւավորեն, կողմնորոշվեն արտաքին քաղաքական վեկտորի հարցում։

Համապատասխան հայեցակարգի մշակման եւ դրա իրականացման դեպքում Հայաստանը պետք է հենվի ոչ միայն դիվանագիտական ռեսուրսի, այլ նաեւ հասարակականի, այդ թվում՝ աշխարհում ազդեցիկ հայկական սփյուռքի վրա։ Այս փաստը դժգոհություն է առաջացրել շատ երկրների հայկական համայնքներում, քանի որ Սփյուռքի նախարարության բացակայությունը հոգեբանական մակարդակում ընկալվում է որպես հայրենիքի հետ կապի խզում»,–պատասխանեց քաղտեխնոլոգը։  

Պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանի թիմում կան արդյոք պրոֆեսիոնալներ, որոնք պատրաստ են գլխավորել խոշորացված նախարարությունները, Բադալյանը նշեց, որ ղեկավարել կարող են, բայց թե որքանով արդյունավետորեն կկարողանան կառավարել, հարց է. «Այո, կարելի է ղեկավարել Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմական արդյունաբերության նախարարությունը, սակայն խնդիրն այն է, որ նման գերատեսչության գոյությունն իմաստ չունի, ինչպես մյուս նորաստեղծ նախարարությունների դեպքում»,–շեշտեց նա։

Արմեն Բադալյանը հավելեց նաեւ, որ ինչ–որ ժամանակ անց անհրաժեշտ կլինի վերանայել այդ որոշումը, սակայն շատ ուշ կլինի։ «Շատ մասնագետներ արտագաղթում են, արդյունքում կադրերի վերապատրաստման խնդիր է առաջանում։ Նոր կադրերի վերապատրաստման համար ֆինանսական ռեսուրսներ ու ժամանակ է պահանջվում»,–եզրափակեց փորձագետը