ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում մի քանի տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ 6 մարդ մահացել է, եւս 8-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է Ալաչուա շրջանի հրշեջ ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան 75 խճուղում՝ Գրեյնսվիլ եւ Ալաչուա քաղաքների միջեւ:
«6 մարդ մահացել է: 8 մարդ տեղափոխվել է վթարի վայրից, մի քանի մարդ ծայրահեղ ծանր վնասվածքներ ունի», - Facebook-ում հայտնել է շրջանի հրշեջ ծառայությունը:
Տեղական Gainesville Sun թերթը, վկայակոչելով պաշտոնյաներին, հաղորդում է, որ վթարը տեղի է ունեցել մի քանի տրանսպորտային միջոցների մասնակցությամբ՝ երկու մարդատար եւ կցորդով երկու քարշակ մեքենաների, որոնք դիզելային վառելիք էին տեղափոխում: Վթարի հետեւանքով մոտ 190 լիտր վառելիք թափվել է ճանապարհի վրա, ինչը մեքենաների բռնկման պատճառ է դարձել:
Ալաչուա շրջանի հրշեջ ծառայության տվյալներով՝ բռնկումը հաջողվել է չեզոքացնել: Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը:





























