Թաիլանդում «Փաբուկ» արեւադարձային փոթորկի մոտենալու կապակցությամբ հարավային նահանգների բնակիչները լքում են իրենց տները եւ տեղափոխվում ապաստարաններ:
Փոթորիկը տարածաշրջան կհասնի հունվարի 4-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bangkok Post թերթին:
Իշխանությունների ուշադրությունը կենտրոնացած է Նակհոնսիտհամարատ նահանգի վրա, որտեղ ափի երկարությունը հասնում է 220 կմ: Այստեղ հորդառատ անձրեւները կսկսվեն ուրբաթ երեկոյան: Տեղացիների համար տասնյակ կացարաններ են պատրաստվել, որոնք կարող են 86 հազար մարդու տեղավորել: Ուրբաթ նահանգում բոլոր դպրոցները փակվել են:
9 նավթագազային ընկերությունները ծովային հորատման հարթակներից 2635 աշխատակիցների մայրցամաք են տեղափոխել՝ ընդամենը 246 մարդու թողնելով օբյեկտներին հետեւելու համար: Փոթորկի մոտենալուն պես ծոցում նավթի եւ գազի արդյունահանումը նվազել է:
Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ հեռացել են Թաիլանդի հանրահայտ հանգստավայրերից: Պանգան եւ Տաո կղզիներից, որոնք տոներին լի էին հանգստացողներով, զբոսաշրջիկներն արդեն չորեքշաբթիից սկսել էին հեռանալ՝ ընդհատված նավարկության հաղորդակցության պատճառով թակարդում չհայտնվելու համար:
«Փաբուկը» թագավորության հարավ, այդ թվում նաեւ Անդամանյան ծովի զբոսաշրջային կետեր՝ Կրաբին եւ Փխուկետ, հորդառատ անձրեւներ եւ ուժեղ քամի կբերի:
Հարավային նահանգներում՝ Պատտանիում, Նարատհւիվատուն եւ Յալայում, որոնք գտնվում են Մալազիայի սահմանի մոտ, պատրաստվում են ջրհեղեղների:
Bangkok Airways ավիաընկերությունն ուրբաթ չեղարկել է Սամուի կղզու բոլոր չվերթները, Նակհոնսիտհամարատ քաղաքում օդանավակայանը փակ է: Պատայա եւ Խուախին քաղաքների միջեւ լաստանավային հաղորդակցությունը կասեցվել է: Բոլոր նավերին հանձնարարվել է մինչեւ հունվարի 5-ը մնալ նավահանգիստներում:





























