Ալժիրի իշխանությունները վերացրել են 19 տարի առաջ  երկրում մտցված արտակարգ դրությունը: Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի անհապաղ` պաշտոնական հրապարակումից հետո:

Հիշեցնենք, որ 2011թ. հունվարի վերջին Ալժիրի մայրաքաղաքում «Ժողով հանուն ժողովրդավարության եւ մշակութի» ընդդիմադիր կուսակցության կողմից անցկացվել էին բողոքի  ակցիաներ` արտակարգ դրության վերացման, ժողովրդական բողոքի մասնակիցների ազատ արձակման, ԶԼՄ-ների ազատության, գների աճի եւ գործազրկության դեմ պայքարի պահանջներով:

Փետրվարի սկզբին Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հայտարարեց, որ առաջիկայում կհանվի արտակարգ դրությունը եւ կթույլատրվի հանրահավաքների անցկացում ողջ երկրում, բացի մայրաքաղաքից: Նա նաեւ խոստացել էր, որ կառավարությունը  պետական հեռուստատեսությամբ եւ ռադիոկայանով բոլոր քաղաքական կուսակցություններին եթեր կտրամադրի: