Հյուսիսային Կորեայի տասնյակ քաղաքացիներ մասնակցել են բողոքի տարերային ակցիայի: Այս մասին տեղեկացնում է հարավկորեական մամուլը: Ըստ հրապարակումների` հանրահավաքներն անցկացվել են Փհենյան-Պուկտո նահանգի Չոնջու, Ռենհոն եւ Սոնչհոն քաղաքներում: Ցուցարարները գոչել են «Մենք չենք կարողանում ապրել: Տվեք լույս: Տվեք բրինձ» եւ պահանջել են էլեկտրաէներգիայի եւ պարենի մատակարարում ապահովել:
«Սկզբում ակցիային մասնակցում էին մեկ-երկու մարդ, սակայն ժամանակի ընթացքում ավելի շատ մարդիկ դուրս եկան տներից եւ միացան նրանց»,-ասել է հյուսիսկորեական անանուն աղբյուրը: Հանրահավաքներն անցկացվել են Կիմ Չեն Իրի ծննդյան տոնակատարություններից երկու օր անց, քանի որ դրանց պատճառով այդ քաղաքներին տրվող առանց այն էլ սուղ էլկեկտրաէներգիան ուղղվել է մայրաքաղաք Փհենյանին:
Հարավային Կորեայի պետանվտանգության վարչությունը փորձել է պարզել միջադեպի պատճառը, սակայն հանդիպել է «լռության պատի»:




























