Նախօրեին, ուշ երեկոյան, Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ մի քանի երիտասարդ մոտեցել են ռուսաստանցի գործարար Արամ Քոչարյանին, ով Հայաստանում մի շարք ձեռնարկություններ ունի, մասնավորապես` շշի արտադրության գործարան, եւ ասել են, որ մի քանի հոգի ուզում են տեսնել իրեն, գրում է թերթը:

Ըստ «Ժամանակ»-ի` Արամ Քոչարյանին նստեցնում են ավտոմեքենա եւ տանում մի վայր,  որտեղ նրան են սպասելիս եղել հայաստանցի հայտնի «օրենքով գողեր» Զապը եւ Օշականցի Գեւորիկը, ինչպես նաեւ Գեւորիկի եղվայրը` Հայկը: Քրեական աշխարհի պարագլուխները Արամ Քոչարյանից պահանջել են նրա սեփականությունը հանդիսացող որոշ ձեռնարկություններ, այդ թվում` Հայաստանում նրան պատկանող շշի արտադրության գործարանը` դրա համար տալով քիչ ժամանակ: Թերթի աղբյուրները հայտնում են, որ «բանակցությունները» դեռ շարունակվում են: