Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին պատրաստ է գնալ ծայրահեղ միջոցների, որպեսզի ստիպի հակակառավարական ուժերին դադարեցնել բողոքի ակցիաները:

Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» թերթը՝ հղում անելով ամերիկյան Time ամսագրին, Քադաֆին հրամայել է անվտանգության ծառայություններին սաբոտաժի ենթարկել երկրի նավթարդյունաբերության ոլորտը:

Ամսագրի աղբյուրի տվյալներով, պետք է պայթեցվեն մի քան նավթատարներ, որի հետեւանքով կդադարեցվեն մատակարարումները մի շարք միջերկրածովյան նավահանգիստներ: «Սաբոտաժն հստակ «մեսիջ» է ուղղված է բողոքի ելած լիբիական ցեղերին. Կա՜մ Քադաֆին, կա՜մ քաոս»,- գրում է պարբերականը:

Ամսագիրը նշում է, որ Քադաֆին մոտ է հուսահատության, քանի որ նա կորցնում է ավելի ու ավելի շատ կողմնակիցների: Աղբյուրը հայտնել է, որ նրան հավատարիմ է մնացել միայն իր հարազատ ցեղը:

Ինչ վերաբերում է երկրի բանակին, կառավարությանը լոյալ են վերաբերում շուրջ 5 հազար զինծառայողներ, դա էլիտար զորքերն են, որի ստորաբաժանումներից մեկը գլխավորում է Քադաֆիի որդին՝ Համիսը:

Ընդհանուր առմամբ, Լիբիայի կանոնավոր բանակում կա 45 հազար զինծառայող:

Հիշեցնենք, որ Լիբիայում զանգվածային բողոքի ակցիաներն սկսվել են փետրվարի 15-ից: Ցուցարարները պահանջում են Քադաֆիի հրաժարականը, ով երկիրը ղեկավարում է 42 տարի:

Նախօրեին Քադաֆին հանդես է եկել հեռուստատեսային ուղերձով, որի ժամանակ հայտարարել է, որ ոչ մի դեպքում հրաժարական չի տա, եւ որ պետք է գնդակահարել ցուցարարներին:

«Մուամար Քադաֆին չունի պաշտոն, որպեսզի լքի այն: Նա նախագահ չէ, այլ հեղափոխության առաջնորդ եւ նա կմահանա այս երկրում որպես մարտիրոս»,- ասել է Քադաֆին: