Հյուսիսատլանտյան դաշինքը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի շուրջ վեճի լուծման հարցում պատրաստ է ռազմական միջոցներին, սակայն Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսությունը մնում է նախընտրելի տարբերակ: Հինգշաբթի Նորվեգիայի հեռագրային բյուրոյի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ուղղությամբ գործողությունները կարող են ռազմական բնույթ ունենալ, բայց մենք կարող ենք նոր մոտեցում գտնել», -ասել է քաղաքական գործիչը:
Նա նաեւ հիշեցրել է պայմանագրի պայմանները չկատարելու հետ կապված Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված վերջնագրի մասին: «Մենք Ռուսաստանին տվեցինք վերջին հնարավորությունը: Ժամկետը լրանում է փետրվարի 2-ին», - ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է խուսափել Ռուսաստանի հետ հակամարտության սրումից, Ստոլտենբերգը ընդգծել է երկխոսության կարեւորությունը: «ՆԱՏՕ-ն դեռեւս կայուն եւ ուժեղ դիրքերի վրա է կանգնած, մենք կարող ենք երկխոսություն վարել Ռուսաստանի հետ: Ես դա յուրացրել եմ նորվեգական քաղաքականությունից (2000-2001թթ. եւ 2005-2013 թվականներին Ստոլտենբերգը եղել է Նորվեգիայի վարչապետ): Նորվեգիան միշտ, շատ ոլորտներում աշխատել է Ռուսաստանի հետ, եւ դա տեղի է ունենում ոչ թե ի հեճուկս, այլ ՆԱՏՕ-ի շնորհիվ», - ավելացրել է նա:
Հարցազրույցում դաշինքի ղեկավարը խոսել է նաեւ ՆԱՏՕ-ի 2019 թվականի ծրագրերի մասին: Նրա խոսքով, գերակա առաջնահերթություն է ՄՓՀՀՊ-ն փրկելը, սակայն առանց այդպիսի պայմանագրի էլ անհրաժեշտ է խաղաղության պատրաստվել: «Դա այնքան լուրջ է, որ ես մտադիր չեմ այդ դեպքում ՆԱՏՕ-ի գործողությունների թեման շահարկել », - ասել է նա՝ մեկնաբանելով բանակցությունների ձախողման հնարավորությունը:





























