Ահա արդեն մի քանի տարի նպատակաուղղված հանրային կարծիք է ձեւավորվել Իոսիֆ Աղաջանովին սպանած Մհեր Ենոքյանի օգտին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Մհեր Ենոքյանի ենթադրվող համաներման: 

«Տեղ է գտել Ենոքյանի եւ նրա կնոջ կողմից միակողմանի լուսաբանում: Ընթացել է հերոսականացման գործընթաց»,- նշեց Ելենա Աղաջանովան: Նրա խոսքով՝ ընտանիքը համաներում ստանալու փորձերին չի միջամտել, քանի որ Ենոքյանի իրավունքն է այդ մասին խնդրելը: «Բայց հիմա պահը հասունացել է: Ըստ երեւույթին, հանրային կարծիքը զուր չի ստեղծվել: Տուժած կողմը պետք է տեղեկացված լինի գործընթացի բոլոր փուլերից: Այլապես ստացվում է, որ նրա ազատման մասին կիմանանք՝ նրան պատահաբար փողոցում հանդիպելով»,- նշեց սպանվածի քույրը:

Նշենք, որ Արդարադատության նախարարությունը հրաժարվում է պատասխանել Մհեր Ենոքյանի առաջիկա համաներմանն առնչվող հարցին:

Նա հիշեցրեց, որ սպանված Իոսիֆի ծնողները երկու հանցագործի համար էլ մահապատիժ էին պահանջում: «Բայց դատարանն այլ կերպ որոշեց: Ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով՝  մեկին 15 տարի տալ, մյուսին մահապատժի դատապարտել: Երբ առաջինն ազատվեց, Ենոքյանը սկսեց խոսել իր անմեղության մասին եւ մեղքը բարդել հանցակցի վրա, քանի որ նույն հանցագործության համար երկրորդ անգամ դատել չի կարելի»,- նշեց Ելենա Ազաջանովան:

Ուշագրավ է, որ Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013-ին), Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի մամուլի ծառայության ղեկավարն է:

Մհեր Ենոքյանը առավելագույն պատժաչափի է դատապարտվել (հետագայում փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ) Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար: Սպանությունը կատարվել էր Գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ միասին: Ա. Հարությունյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման:

Իոսիֆ Աղաջանովին հասցվել էին մի քանի տասնյակ դանակի հարվածներ: Սպանությունը կատարելով՝ մեղավորները մասնատել էին դժբախտ պատանու մարմինը, պայուսակի մեջ թաքցրել եւ թողել աղբավայրում, իսկ իրենք փորձել էին թաքնվել արդարադատությունից:

Ենոքյանի ազատ արձակման դեմ ստորագրահավաք է սկսվել: Խնդրագրի ներքո ստորագրել են շուրջ 1200 բուժաշխատողներ: