Կալիֆոռնիայի Napa State Hospital պետական հոգեբուժարանի նախկին տնօրեն, 63-ամյա Քլոդ Ֆոուլքը դատապարտվել է 248 տարվա ազատազրկման` իր մանկահասակ որդեգրված տղայի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Associated Press-ի  փոխանցմամբ, տղան Ֆոուլքի ձեռքում էր հայտնվել 8 տարեկան հասակում եւ մոտ տաս տարի բռնության էր ենթարկվել հոր կողմից, մինչ 21 տարեկանում փախել էր տանից:

Երիտասարդն, ով այժմ  27 տարեկան է, դիմել է իրավապահներին: Նա երեք երեխաներից մեկն է, ում որդեգրել էր Ֆոուլքը:

Գործի քննության ընթացքում եւս 11 մարդ հայտնել է, որ 1965թ. Ֆոուլքի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգությունների: Սակայն վաղեմության ժամկետի պատճառով դատարանը քննել է միայն որդեգրի հայցը: Դատավոր Ջեյմս Փիրսը խոստովանել է, որ այս դեպքն իր կյանքի ընթացքում ամենաապշեցուցիչն է: «Դուք հոգեկան հիվանդ եք, եւ ծաղրն այն է, որ եղել եք պետական հոգեբուժարանի տնօրեն, որտեղ պետք է լինեիք թիվ 1 հիվանդը»,- ասել է նա:

Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել վճիռը: