Հայաստանում ու Լեհաստանում պաշտպանական բնագավառում իրականացվող բարեփոխումներն են քննարկվել Երեւան ժամանած Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության վերափոխումների վարչության պետի եւ Պաշտպանության ազգային ակադեմիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությունների հետ:
Փետրվարի 22-24-ին Երեւանում գտնվող լեհական պատվիրակությունները հանդիպումներ են ունեցել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության, կադրերի եւ ռազմական կրթության եւ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչությունների ներկայացուցիչների հետ, այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման ուղությամբ փորձի փոխանակման, ինչպես նաեւ ռազմական կրթության բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Փետրվարի 24-ին պատվիրակություններին ընդունել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Նա նախանշել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել զարգացման եւ նոր նախագծերի իրականացման հեռանկարները:
Այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ 2011թ. երկկողմ համագործակցության պլանը:




























