Թե երբ արաբական աշխարհում փչող «հեղափոխական քամիները» Հայաստան կհասնեն, կախված է ժողովրդից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 24-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա հավելեց, որ անկախ այն բանից, թե արաբական աշխարհում ինչ է տեղի ունենում, ՀԱԿ-ը ակտիվ է եւ անցկացնելու է իր հանրահավաքները: «Արաբական աշխարհը պարզապես մի քիչ տաք քամի բերեց մեր շարժմանը, մի քիչ հույս ավելացրեց: Ընդ որում` դոմինոյի սկզբունքը շատ լավ է  աշխատում արաբական աշխարհում: Երկրներ, որոնք թվում է, թե չպետք է ոտքի կանգնեին, ոտքի կանգնեցին»,-հայտարարեց Մանուկյանը:

Հարցին, թե եթե Հայաստանի իշխանությունը հրաժարական չտա, սակայն կատարի ժողովրդի առաջ քաշած պահանջները, ի՞նչ է այդ դեպքում անելու ՀԱԿ-ը, Մանուկյանն արձագանքեց, թե ամեն դեպքում հասնելու են նրան, որպեսզի ռեժիմը հրաժարական տա: Նա նաեւ հավելեց. «Ո՞վ կատարի… երանի թե այդպես լիներ: Դա նշանակում է, որ իշխանությունների հենարան հանցագործ աշխարհը պետք է հայտնվի բանտում: Բոլոր օլիգարխները, որոնց թիկնապահները մարտի 1-ին կրակել են, պետք է հայտնվեն բանտում: Մոռացեք այդ մասին, դա տեղի չի ունենա»: ՀՀՇ վարչության նախագահը հավելեց նաեւ. «Երանի ես էլ ձեզ պես լավատես լինեի»: