Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ փետրվարի 24-ի կառավարության նիստի ընթացքում հանձնարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին՝ ուսումնասիրել ավտոմեքենաների տեխզննման հետ կապված իրավիճակը։
«Գանգատները շարունակվում են։ Հիմնական գանգատն այն է, որ իրական տեխզննում չի իրականացվում, բայց լրացուցիչ գումարներ են վերցնում»,- ասաց Տ. Սարգսյանը։ Նա խորհուրդ տվեց ուսումնասիրել եվրոպական փորձը, եւ հնարավորին չափով կամավոր դարձնել տեխզննումը։
Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքէջի՝ Հայաստանում տեխզննում են իրականացնում 31 կազմակերպություններ, որոնցից 10-ը՝ Երեւանում:
Ի դեպ՝ կառավարության որոշմամբ գյուղատնտեսական մեքենաներն այսուհետ պարտադիր տեխզննում չեն անցնի։ Վարչապետի տեղեկացմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գյուղտեխնիկայի տեխզննումը ֆիկտիվ բնույթ է կրում եւ տեխնիկապես էլ անհնարին է իրականացնել։
«Բազում անհարմարություններ ենք պատճառում մարդկանց, որի դիմաց բյուջեն ընդամենը 17 մլն դրամ է ստանում»,- ասաց Տ. Սարգսյանը։




























