Կառավարության այսօրվա՝ փետրվարի 24-ի նիստում որոշում ընդունվեց արտոնություն տրամադրել ավտոմեքենա ներմուծող սոցիալապես խոցելի խավերին; Վարչապետ Տիգրան Սարգսյանն այն անվանեց «երկար սպասված որոշում»։

Հարցը արտահերթ կարգով օրակարգ մտցրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Հնարավոր է սակայն, որ կառավարության այս որոշումը որոշ հիասթափություն առաջացնի վրացական համարանիշներով մեքենաների վարորդների մոտ, որոնք արդեն մի քանի շաբաթ բողոքի ակցիաներ են կազմակերպում:

Կառավարությունը ոչ թե նվազեցնում է մաքսազերծման արժեքը, այլ հնարավորություն է տալիս մաքսազերծման հարկերը վճարել 6 ամսվա ընթացքում։ Դրա համար պետք է ձեւակերպել անտոկոս վարկի պայմանագիր՝ պետությանը գրավ դնելով մաքսազերծվող մեքենան։

Այս կարգը տարածվում է մինչեւ 2005 թ. արտադրված եւ 5 մլն դրամից ցածր մաքսային արժեք ունեցող մեքենաների վրա։

Այս ռեժիմից օգտվողները պետք է դիմում գրեն մարզպետարանին։ Ֆինանսների նախարարը հավաստիացրեց, որ որեւէ բյուրոկրատական քաշքշուկ չի ստեղծվի՝ դիմումից հետո բոլոր ընթացակարգերը կիրականացնեն պետական մարմինները; Ըստ ֆինանսների նախարարության գնահատկանների՝ ներկա դրությամբ մոտ 4000 ավտոմեքենա Հայաստանում գտնվում է ժամանակավոր ներմուծման ռեժիմում, սակայն այս ռեժիմից, ամենայն հավանականությամբ, կօգտվեն 2000-ը։

Կարգը կսկսի գործել փետրվարի 28-ից։