Հայ ազգային կոնգրեսի ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը խոստովանում է, որ ինքը նույնպես իր բաժին մեղքն ունի ՀՀՇ-ի թույլ տված սխալների համար: Նա փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե «երբեք մաքրեմաքուր լինելու զգացողություն չեմ ունեցել, իդեալական լինելու հիվանդություն չեմ ունեցել, իսկ պատասխանատվություն մշտապես ունեցել եմ»:

Նա նաեւ նշեց, որ ժողովուրդն իրեն փորձարկել է որպես իշխանավոր, ինքը տասը տարի իշխանության մեջ է եղել, սակայն չի փչացել: «Այդ չփչանալու առավելությունն է, որ դուք պարտավոր եք ինձ վստահել: Եւ ես դրա համար է, որ գալիս եմ լուծելու այն խնդիրները, որոնք մատնանշում եմ: Ոչ թե Դոդի կամ Լֆիկի նման կուտակելու: Ես այդ տարբերակը միշտ ունեցել եմ, եւ իմ ընկերները նույնպես: Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ կարող էր ունենալ ավելին, քան Ռոբերտ Քոչարյանը, բայց երբեք այդ մարդու մտքով չի անցել ունեցվածքը»,-նշեց ՀՀՇ վարչության նախագահը` հավելելով, թե իրենց առաջնորդում է միայն պատասխանատվության զգացումը եւ գործի իմացությունը:

«Ես ոչ թե ուզում եմ ինչ-որ բան, այլ գիտեմ, թե ինչպես եմ անելու, որ Հայաստանում չլինի մոնոպոլիա, որ Հայաստանը ռեգիոնալ պրոցեսներին մասնակից լինի եւ իրենից արժեք ներկայացնի»,-նշեց ՀԱԿ անդամը:

Ի դեպ, այսօր հրավիրված ասուլիսում Ժողովրդական իշխանության ղեկավար Տիգրան Կարապետյանը հայտարարել է, թե ինքը չի կանգնի ՀՀՇ-ի կողքին, քանի որ այդ ուժը ամենաանմաքուր ուժն է ՀԱԿ-ում: Արամ Մանուկյանը Տիգրան Կարապետյանին այսպես հակադարձեց. «Ես այսօր այնքան բարի եմ, որ չեմ ուզում որեւէ մեկին բացասական խոսք ասել: Ես մի անգամ ասել եմ, պատասխանատու մարդ եմ եւ ՀՀՇ-ի ամբողջ հարստությունը նվիրում են Տիգրան Կարապետիչին: Ես իրեն ընկերավարի զգուշացրել եմ, որ դրանից իր ունեցածը չի ավելանալու, ընդհակառակը, կարող է իրեն սկսեն հետապնդել, լո~ւրջ հետապնդել»: