Անկարան եւ Մոսկվան սիրիական կարգավորման հարցում միանման դիրքորոշում ունեն՝ բացառությամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության մնալու հարցում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձեւավորման քայլերը մենք ձեռնարկում ենք ՌԴ եւ Իրանի ԱԳ նախարարների հետ: Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայն են Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում՝ բացառությամբ Ասադի հետ կապված հարցից: Մենք կարծում ենք, որ նա պետք է հեռանա»,- ասել է Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքի եթերում:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: Ճգնաժամի կարգավորումն ընթանում է Ժնեւի եւ Աստանայի հարթակներում: Ներկա պահին առաջին պլանում է քաղաքական կարգավորումը, փախստականների վերադարձը եւ երկրում ենթակառուցվածքների վերականգնումը:
Ռուսաստանը Թուրքիայի եւ Իրանի հետ միասին Սիրիայում զինադադարի երաշխավորն է:




























