Մոսկվայում երթուղային տաքսիներում նոր հայտարարություններ են հայտնվել, որտեղ տրանսպորտում անվտանգության ապահովմանն ուղղված խորհուրդներ են ներկայացվում:

Մասնավորապես, երթուղայինների ուղեւորներին խորհուրդ չեն տալիս խոսել քաղաքականության մասին եւ կարդալ պոռնոգրաֆիկ ամսագրեր: Փողադրողները նշում են, որ այդ հայտարարությամբ թղթերն իրենց ուղարկել են Մոսկվայի տրանսպորտի եւ կապի դեպարտամենտից: Պաշտոնյաներն իրենց մասնակցությունը այդ հայտարարությունը հերքում են:

Ինչպես գրում է «Կասպարով.ru» ինտերնետ-պորտալը, «Անվտանգությունը տրանսպորտում» անունը կրող թռուցիկները երթուղայիններում փակցվել են օրերս:

Հայտարարության մեջ նշվում է. «Հագնվեք չեզոք, աչքի չընկնող, խուսափեք հագուստի զինվորական գույներից, մի խոսեք քաղաքական թեմաներով, մի ընթերցեք պոռնոգրաֆիկ, քաղաքական կամ կրոնական հրապարակումներ»:

Ի դեպ, հայտարարության տեքստը վերցված է օդանավը ահաբեկիչների կողմից գրավման ժամանակ վարվելու «Անվտանգության հանրագիտարաններ»-ից: