Հայաստանում հաստատված ռեժիմը կամաց-կամաց սպառվում եւ քայքայվում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 25-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով` իշխանությունը դիմում է ամենանվաստացուցիչ միջոցների, որպեսզի պահպանի իր գոյությունը:

«Արդեն այն հանգամանքը, որ նրանք ստիպված կիրառելով քաղաքական ռեկետ ԲՀԿ-ի նկատմամբ, կոնսոլիդացնում են իրենց թիմը, դա նշանակում է, որ նրանց գործերը շատ վատ են եւ վերջին ճիգերով փորձում են իրենց շարքերն ամրապնդել»,-նշեց ՀԱԿ համակարգողը:

Նրա խոսքով` իշխանությունները սպառվում են նաեւ ֆինանսական առումով եւ այլեւս չեն կարողանում բյուջեն հավաքել եւ բավարարել քաղաքացիների տարրական պահանջները: «Նրանք ոստիկաններին, ուսուցիչներին չեն վճարում աշխատավարձեր: Մի խոսքով`ռեժիմն իսկապես սպառվում է մեր աչքերի առջեւ»,-հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչը: