Հայաստանում գործում է պատշաճ օրենսդրական դաշտ, որը հնարավորություն է տալիս լիարժեք եւ արդյունավետ պայքար մղել թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ Հայաստանում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ:

ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը միացել է այս խնդրին առնչվող միջազգային բոլոր կոնվենցիաներին: «2010 թվականի ընթացքում մեր երկրում արձանագրվել է հանցագործությունների 1524 դեպք, որը շուրջ 23 տոկոսով ավելի է, քան 2009 թվականի ցուցանիշները, առգրավվել է 126 կիլոգրամ թմրանյութ, քրեական պատասխանատվության է ենթարկվել 854 անձ 2009-ի 780-ի դիմաց: Այսեղ եւս աճ է գրանցվել, ինչը պետք է մի կողմից` մտահոգի մեզ, մյուս կողմից` գոհացնի, քանի որ բացահայտման մակարդակն աճել է: Պետք է ավելի վճռական լինենք այս հանցագործությունների դեմ պայքարում»,- ասել է նա:

Նշելով, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է ՀԱՊԿ շրջանակում իրականացվող «Կանալ» օպերատիվ միջոցառումներին` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է այս ոլորտում միջազգային համագործակցության հետագա խորացումը:

Նիստում կարեւորվել է թմրամոլների սոցիալական վերականգնման գործընթացը պատշաճ կազմակերպելու, բնակչությանը թմրամոլության վնասակար ազդեցությունների մասին համապատասխան տեղեկատվություն տալով` թմրամոլության կանխարգելման հարցերը:

Նիստում որոշվել է մշակել օրինագիծ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացքում հանդիպող որոշ խոչընդոտներ վերացնելու համար:

Նշենք, որ այս հանձնաժողովը ստեղծվել է հանրապետության նախագահի հրամանագրով` 2010 թվականին ԱԱԽ նիստում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի հաստատումից հետո:

Նիստում ամփոփվել են նշված ծրագրով 2010 թվականին նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքները: