ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը հրաժարվում է ագրեսիվ գնային քաղաքականությունից։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 25-ին հայտարարեց ՍԹԱՐ-ի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը՝ Շենգավիթ մետրոյի հարեւանությամբ ՍԹԱՐ-ի 19-րդ խանութի բացման ժամանակ։
Ըստ Քերոբյանի՝ ՍԹԱՐ-ն այսուհետ կաշխատի «լավ արժեք հաճախորդներին» սկզբունքով՝ առաջարկելով միայն որակյալ եւ թարմ ապրանքներ։
«Մենք չենք օգտվում առիթից եւ բարձրացնում գները, միաժամանակ թույլ չենք տալիս, որ մեր մատակարարները անհիմն բարձրացնեն գները; Փորձում ենք մատակարարման շղթան այնպես օպտիմալացնել, որպեսզի ծախսերը կրճատելու հաշվին կարողանանք գները իջեցնել»,- ասաց Վ. Քերոբյանը։
Նշենք, որ նորաբաց խանութում շաքարավազի կգ-ն արժեր 345 դրամ, կարտոֆիլը՝ 300 դրամ, սոխը՝ 500 դրամ, հնդկաձավարը՝ 1150 դրամ։
Վ. Քերոբյանը նաեւ տեղեկացրեց, որ ՍԹԱՐ-ը սկսում է ռեբրենդինգ։ Այն արտահայտվում է արտաքին դիզայնի եւ «գաղափարախոսության» փոփոխմամբ։ Ռեբրենդինգն իրականացվել է անգլիական բրենդինգային «Դանդոն քոնսալթինգ» ընկերության խորհրդատվությամբ։




























