«Հետք»-ն ընդդեմ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի» գործով այսօր` փետրվարի 25-ին տեղի է ունեցել դատական առաջին նիստը:
«Հետք» հետաքննող լրագրողական կազմակերպությունը դատի է տվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին` տեղեկատվություն չտրամադրելու համար: Կազմակերպությունն, ի թիվս մի շարք հարցերի, փորձել է ճշտել, թե Գյումրիի Աբովյան 262 հասցեի շենքը, որըԿումայրի արգելոցի եւ պատմաճարտարապետական նշանակության կառույց է, իրոք պատկանո՞ւմ է Վարդան Ղուկասյանին:
«Հետքի» ններկայացուցիչ Երանուհի Սողոյանը դատական նիստի ժամանակ ներկայացրեց, որ 2010 թ-ի հունիսի 6-ին 8 կետից բաղկացած գրավոր հարցաշար է ներկայացրել Վարդան Ղուկասյանին` հետաքննական հոդվածաշար պատրաստելու նպատակով: Խոսքը վերաբերում է Գյումրիի Աբովյան փողոց թիվ 262 շենքին, որն հանդիսանում է «Կումայրի» արգելոցի պատմաճարտարապետական մի կառույցի, որտեղ բնակվել են գյումրեցի Աբաջյանները: Այնուհետեվ նրանց վտարել են` հայտարարելով, որ բնակարանը վաճառված է: Այս բնակարանի վերաբերյալ փաստաթղթեր կան ու «Հետք»-ը փորձել է պարզել ինչպե՞ս, ո՞ւմ ու ի՞նչ հիմքերով է վաճառվել բնակարանը եւ արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, որ շենքն այժմ պատկանում է Վարդան Ղուկասյանին:
Ընկերության հարցերին Գյումրիի փոխքաղաքապետը պատասխանել է 5 ամիս անց, այն էլ ոչ ըստ էության: «Ըստ էության մեր` տեղեկատվություն ստանալու իրավունքը ոտնահարվել է, եւ հետո պատասխանել են սահմանված մեկամսյա ժամկետից ուշ»,-հայտարարեց «Հետք»-ի ներկայացուցիչը:
Գյումրիի քաղաքապետարանի իրավաբան Կարեն Եղիազարյանն էլ հայտարարեց, թե քաղաքապետարանը հարցերին ուշ պատասխանելու համար օբյեկտիվ պատճառներ ունի եւ գերլարված աշխատանքի արդյունքում չի կարողացել ժամանակին պատասխանել:
Դատական նիստն ընդմիջվել է 10 օրով:




























