Իշխող կոալիցիան նոր հուշագիր ստորագրելով, հստակ ասաց, որ ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն, ԲՀԿ-նեւ ՕԵԿ-ը ըստ իրենց ունեցած տեղերի կազմելու են նույն հարաբերակցությունը, եւ ավելի մեծ չափերով են զավթելու ընդդիմության տեղերը` անկախ այն բանից, թե ժողովուրդն ինչպես է քվեարկելու:

Այս մասին նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ու հավելել. «Այս տխրահռչակ սցենարը, որի անունը նրանք չգիտես թե ինչու դրել են  «նոր փոփոխություններին ընդառաջ», որտեղ փոփոխության նշույլ անգամ չկա, ավարտվելու է նրանով, որ նախագահական ընտրություններում նրանք հանդես կգան «միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի», իբրեւ թե ապահովելու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»:

«Փաստացի իշխանության առնվազն 7-ամյա բռնազավթման մտադրության մասին արվել է լրջագույն հայտարարություն: Եվ այն վերստին ապացուցելու եկավ, որ կոալիցիային ոչ միայն չի հետաքրքրում այս տարիների ընթացքում էլ ավելի աղքատացած, գործազուրկ դարձած, սնանկացած ու շարունակական արտագաղթի պատճառով օրեցօր նոսրացող մեր ազգաբնակչության` իրենց կառավարմանը տրվող գնահատականը, այլ նրանց քվեն` թե ում են պատրաստվում տալ իրենց ձայնը: 

Սա լուրջ ձեռնոց է, որ իշխանությունները նետեցին ողջ հասարակությանը եւ ընդդիմադիր ուժերին, որին ժամանակին եւ համարժեք արձագանքը հրամայական է:

Ընդդիմադիր քաղաքական ուժերիս, այդ թվում` «Ժառանգության» գերխնդիրն է ընդվզող, ընդդիմադիր հասարակության սոցիալական, տնտեսական, իրավական դժգոհությունները մեծ քաղաքական օրակարգում բանաձեւելը, համատեղ գործողությունների մշակումն ու իրականացումը, ինչը տարիներ շարունակ եղել եւ մնում է «Ժառանգության» առաջարկն ու ցանկությունը, որպեսզի Հայաստանի համար բացառենք կոլաիցիայի ուրվագծած հեռանկարը:

Այլապես ուշ է լինելու, եւ հերթական անգամ կանգնելու ենք ընտրությունների նկարված արդյունքներին ու իշխանության բռնազավթմանը դեմ հանդիման»,- նշվում է Ս. Սաֆարյանի հայտարարության մեջ, որը կհերռարձակվի փետրվարի 27-ին: