Գյումրիի Մուշ թաղամասում այսօրվա դրությամբ միայն 19 բնակարանում ջեռուցման կաթսայի փոփոխությունն է ընթացքի մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Մուշ թաղամասի կառուցմամբ զբաղվող «Գլենդել Հիլզ» ընկերությունից: Մնացած բոլոր դիմուներն, ինչպես նշեցին ընկերությունից, այս պահի դրությամբ բավարարված են:
Ընկերությունում մատնանշեցին նաեւ, որ նորակառույց թաղամասի բնակարանների կեսից ավելին բնակեցված է: Իսկ մնացածը բազմաթիվ սոցիալական եւ այլ խնդիրների հետ կարող է կապված լինել` տնակի տարածքը սեփականաշնորհելու նկատառումներ, բնակարանի շահառուների միջեւ անհամաձայնություն, հանրապետությունից բացակայել եւ այլն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Գլենդել Հիլզը» Գյումրիի «Մուշ-2» նորակառույց թաղամասի բնակիչների բարձրացրած հարցերի լուծման նպատակով գործողությունների իրականացման հերթականության ուղեցույց է հրապարակել, իսկ Գյումրիի քաղաքապետն էլ թաղամասի բնակեցմանը խոչընդոտող խնդիրների ուսումնասիրման նպատակով` փոխքաղաքապետի ղեկավարությամբ հանձնաժողով է ստեղծել:



























