Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի վերջին հանդիպումը հերթականներից էր. այնպես որ, այդ հանդիպումից առաձնահատուկ սպասումներ չարժե ունենալ։ Փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը։

«Եթե նախագահների հանդիպումները տեղի ունենային տարին մեկ անգամ, եւ ոչ թե՝ երկու տարի մեկ, ապա դրանցից ինչ-որ նոր բան հնարավոր կլիներ սպասել։ Սարգսյան-Մեդեվեդեւ վերջին հանդիպման միակ հատկանշական պահն այն էր, որ հայ ժողովուրդը նախազգուշացվեց, որ գազի գինը պետք է կտրուկ բարձրանա։ Եթե ասվում է, որ ռուսական գազի սակագինն այս տարի չի բարձրանալու, ապա դա ունի իր շարունակությունը. այս տարվա ավարտին ընդամենը 10 ամիս է մնացել եւ թանկացումները կսկսվեն եթե ոչ այս տարի, ապա շատ մոտ ժամանակներս»,- նկատեց Հայրիկյանը։

Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ ԱԻՄ ղեկավարը նշեց, որ եթե հակամարտության  վերաբերյալ բանակցությունները կախված լինեն բացառապես Ռուսաստանից, ապա դա Հայաստանի մեծագույն ողբերգության սկիզբ կլինի։ «Մեր հաջողության նախապայմանն այն է, որ քանի դեռ հակամարտող կողմերին բավարարող լուծում չի գտնվել, Արցախի հարցը մնա միջազգային ուժերի վերահսկողության ներքո»,-ամփոփեց նա։

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 25-ին, Սանկտ Պետերբուրգում կայացած  Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպման ժամանակ հաստատվել է, որ 2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի:

Նշենք նաեւ, որ ավելի վաղ «ՀայՌուսգազարդ»-ից տեղեկացրել էին, որ բնական գազի սակագինը հայտնի կդառնա փետրվարի վերջին: