ԱԻՄ-ի ղեկավար Պարույր Հայրիկյանը մասնակցելու է 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, սակայն ոչ միայնակ, այդ պատճառով էլ արդեն այսօրվանից դաշնակիցներ է փնտրում։ Այս մասին նա հայտարարեց փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ընտրություններին միայնակ գնալ բացարձակապես իմաստ չունի։ Դա կարող է իմաստ ունենալ իշխանակիր ուժի համար։ Այդ է պատճառը, որ մենք պատրաստ ենք միանալ ցանկացած առողջ, իրապես ժողովրդավար ուժերի հետ։ Ընդ որում, դաշնակից կարող են լինել եւ Հանրապետականի, եւ «Բարգավաճ Հայաստանի» ներսում գտնվող մարդիկ, եւ քաղաքական ուժեր, որոնց հետ ես այսօր կողք կողքի կանգնել չեմ ուզում»,- ասաց Հայրիկյանը։
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի հետ հնարավոր միացմանը՝ նա նկատեց, որ այնտեղ կան մարդիկ, ում անցյալն ինքը չի կարող մոռանալ։ «ՀԱԿ-ն այսօր չի ստում, երբ ասում է, որ դոմինանտ դեր ունի։ Այն, իսկապես, ամենամիավորված ընդդիմադիր ուժն է։ Բայց եթե ՀԱԿ-ի հայտարարած նպատակադրումներում տեսած լինեինք այնպիսի շեշտադրումներ, որոնք իշխանափոխությունից բացի այլ բան են նշում, նրա ելույթներում լսեինք նախկինում թույլ տված ծանրագույն սխալների արդարացի քննադատում, եւ ոչ թե մերկապարանոց ամբոխահաճո հայտարարություններ, ապա մենք վաղուց միացման քայլ արած կլինեինք։ Բայց առայսօր նրանց ծրագրային մոտեցումները ցույց են տալիս, որ այդ ուժը պայքարում է բացառապես իշխանության համար։ Այն ուժին, որը 95-ին մեզ ապուշ Սահմանադրություն առաջարկեց, որն էլ անհրաժեշտ եղավ հետո փոխել, չգիտեմ՝ ինչպես կարող եմ միանալ»,- ամփոփեց Հայրիկյանը։




























