Հայաստանում ներքաղաքական գործընթացների ֆոնին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ռեգրես է նկատվում: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նա շեշտեց, որ չնայած հրապարակային չեն խոսում տարածքային զիջումների մասին, սակայն ախտանշաններ կան, ինչպես լինում է հիվանդ մարդու մոտ:

«Այդպիսի ախտանշաններից մեկն է վախեցնող փաստը, որը ստիպում է Հայաստանում քաղաքական գործընթացները դիտարկել որոշակի զգուշավորությամբ: Հայաստանի քաղաքական համակարգում խնդիրներ կան՝ կապված որոշումների ընդունման մեխանիզմների, քաղաքական իշխանության կենտրոնացվածության, քաղաքական նախապատվությունների ձեւավորման հետ: Եթե մենք ախտանշաններ ենք տեսնում, ապա պարտադիր չէ ինչ-որ բան «կտրել»՝ խնդիրը տեսնելու համար»,- հավելեց Աղասի Ենոքյանը:

Անհրաժեշտ է հիշել, որ երբ խոսքը վերաբերում է տարածքային զիջումներին, ապա դրանք այն տարածքներն են, որոնց մեջ ներառված են նաեւ պաշտպանական գծերը:

«Ուշագրավ է, որ սա միակ պաշտպանական գիծն է, որը պատրաստ է ռազմական գործողություններին: Եթե մենք այս տարածքները զիջում ենք, ապա, ըստ էության, «մերկանում» ենք ընդհուպ մինչեւ Երեւան»,- նշեց փորձագետը:

Աղասի Ենոքյանը հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլյան պատրազմից հետո ձեռք բերված համաձայնությունների մասին ոչ ոք չի խոսում:

«Սա, մասնավորապես, վերաբերում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների արդյունքներով մշտադիտարկման մեխանիզմի ներդրմանը: Սա յուրատեսակ վճար էր այն բանի համար, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի նորմերը: Չի խոսվում հելսինկյան սկզբունքների մասին (ժողովուրդների ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկմիրառում – խմբ.), որոնց մասին մշտապես խոսել են համանախագահները»,- նշեց Աղասի Ենոքյանը:

Նա նշեց, որ սրա ֆոնին լսվում են խոսակցություններ խաղաղության դիմաց տարածքների զիջման մասին, մինչդեռ մենք զիջումների դիմաց ակնկալում ենք խաղաղության ամենամեծ գրավականը՝ Ղարաբաղի կարգավիճակը եւ միջազգային ճանաչումը:

«Այս ենթատեքստում մտահոգություն է առաջացնում այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միավեկտոր է դարձել՝ ուղղված Ռուսաստան: Նման պայմաններում դժվար է խոսել մեծ հնարավորությունների մասին, որ կկարողանանք հասնել միջազգային աջակցության»,- նշեց փորձագետը:

Աղասի Ենոքյանը նշեց, որ այսօր փաստաթղթերի եւ սկզբունքների փոխարեն, որոնք պետք է դրված լինեն բանակցային գործընթացի հիմքում, կա «վերելակային պայմանավորվածություն»:

«Ուշագրավ է, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ կառավարության ծրագրում դրված են այն բոլոր սկզբունքները, որոնք եղել են նախորդ ծրագրում: Իսկ ինչպես հայտնի է, այդ սկզբունքները գնահատվել են հիմնականում ռեգրեսիվ»,- եզրափակեց փորձագետը: