Dassault Falcon 900EX մասնավոր օդանավն  անցած շաբաթ Տրիպոլիից Մինսկ եւ հակառակ ուղղությամբ չարթերային չվերթ է կատարել։

Ինչպես հայտնում է բելոռուսական «Խարտիա 97» ընդդիմադիր կայքէջը, Բելառուսի ԱԳՆ-ն հերքում է այդ տեղեկությունը։

Կայքէջը նաեւ կարծիք է հայտնել, որ հատուկ չվերթը կարող էր Մինսկ տեղափոխել Քադաֆիի ընտանիքին, կամ որ օդանավում փողեր եւ ադամանդներ են եղել, որոնք Լիբիայի նախագահն ի պահ է տվել Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Առաջ է քաշվում նաեւ վարկածը, որ Քադաֆին Բելառուս փող է ուղարկել զենք գնելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր ԵՄ-ն Լիբիայի հանդեպ պաշտոնապես պատժամիջոցներ է մտցրել։ Ըստ այդ պատժամիջոցների՝ արգելվում է Լիբիային զենք կամ ներքին հուզումները ճնշելու համար նախատեսված տեխնիկա վաճառել։ Պատժամիջոցներից մեկն էլ Քադաֆիի եւ նրա 25 մերձավորների՝ Եվրամիության 27 երկրներ մուտք գործելու արգելքն է։ Բացի այդ, Եվրոպայում ունեցած նրանց բոլոր հաշիվները կսառեցվեն։