Ռուսաստանի Դաշնային խորհրդի առաջին փոխխոսնակ, Ազգային հակաահաբեկչական կոմիտեի անդամ Ալեքսանդր Տորշինը հայտարարել է, թե մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայանում կատարված ահաբեկչությանը մասնակից է Վրաստանը:

«Ահաբեկչությունը, վստահ եմ, կազմակերպված էր արտասահմանից: Հասկանում եմ, որ իմ խոսքերը կարող են ցասում եւ դժգոհություն հարուցել, սակայն, իմ կարծիքով, դա Վրաստանն էր եւ նրա կառավարող ռեժիմը», -ըստ «Ռոսիյսկայա գազետայի»` ասել է նա:

Տորշինը նաեւ կարծիք է հայտնել, թե գրոհայինների առաջնորդներից Դոկա Ումարովին չի համարում պատասխանատու պայթյունի համար: «Անգամ եթե նա ինչ-որ կապ ուներ այդ ահաբեկչության հետ, միայն այն մասով, որ նրա միջոցով են փոխանցվել փողերը պատվիրատուներին: Նա հանցակից- միջնորդ է, ոչ ավելի, դեռ դա էլ կասկածելի է»,-ասել է սենատորը: Ըստ նրա` Դոմոդեդովոյի ակաբեկիչը, ինչպես նաեւ անցած տարի Վլադիկավկազի շուկան պայթեցրած ահաբեկիչը ինքնասպաններ չէին, «նրանց պայթեցրել են հեռակառավարման սարքի միջոցով»:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Դոմոդեդովո օդանավակայանում ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 37, վիրավորվել  120 մարդ: