Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ոստիկանության աշխատակիցներին կոչ է անում մնալ օրենքի ու իրենց լիազորությունների շրջանակներում:

«Վարչախումբը սարսափած է Հայ ազգային կոնգրեսի՝ փետրվարի 18-ի հանրահավաքի բազմամարդությունից եւ էներգետիկայից, ինչպես նաեւ քաղաքական ակտիվության եկած այն պոտենցիալից, որ լրացուցիչ միանում է Կոնգրեսին։ Ըստ այդմ էլ՝ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ պետական այլ մարմինների միջոցով ողջ հանրապետությունով մեկ գործի է դրվել ապօրինությունների աննախադեպ մի զինանոց. այցելում են ընդդիմության ակտիվիստների տները կամ հրավիրում ոստիկանություն` «զրուցելու» հանրահավաքին մասնակցելու «աննպատակահարմարության մասին», հավաքում են միկրոավտոբուսների վարորդների վարորդական իրավունքի վկայականները, հրահանգում են Երեւանի եւ մարզերի տաքսի ծառայություններին՝ մարտի 1-ին չաշխատել, պետական հիմնարկներում աշխատանքային օրը երկարաձգվել է մինչեւ ուշ երեկո, բուհերը այդ օրը չեղյալ են հայտարարել դասերը եւ այլն: Այս ամենի նպատակը հանրահավաքի մասնակիցների սպասվող ավելացումը թույլ չտալն է։ Ոստիկանության ստորին օղակները հիմնականում ձեւականորեն են կատարում վերեւից եկած ապօրինի հրահանգները, իսկ նրանց գործողություններն ավելի շուտ նպաստում են հանրահավաքի իրազեկմանը:

Կան նաեւ ապօրինի հանձնարարության ինքնամոռաց կատարողներ, Երեւանում, օրինակ, ոստիկանության քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանը հրահանգել է քաղաքի բոլոր բաժիններին՝ մի կողմ թողնել բոլոր գործերը եւ զբաղվել միայն այնպիսի միջոցառումներով ու գործողություններով, որոնք կնվազեցնեն մարդկանց մասնակցությունը հանրահավաքին։ Նրա ապօրինի հրահանգները հատկապես փութաջանորեն են կատարում ծառայության գծով իր տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը, Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը, ծառայության գծով նրա տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ՊՊԾ պետ Վալերի Օսիպյանը՝ աչքի ընկնելով ժողովրդի նկատմամբ ամբարտավան եւ արհամարհական վարքագծով։ Այսօր ոստիկանական ջոկատը հարձակվել է նաեւ քաղաքապատարանի դիմաց իրենց իրավունքների համար ցույցի դուրս եկած առեւտրականների վրա։ Վերեւից իջեցված քաղաքական պատվերով, ոստիկանությունն արդեն մի քանի օր է, ինչ մի կողմ է թողել իր սահմանադրական գործառույթները, ինչը կանաչ ճանապարհ է բացել հանցագործների համար:

Հայ ազգային կոնգրեսը հիշեցնում է, որ պետական պաշտոնյաները, այդ թվում նաեւ ոստիկանության աշխատողները կարող են կատարել միայն այնպիսի գործողություններ, ինչի համար նրանք լիազորված են օրենքով։ Դրանից դուրս նրանց ցանկացած գործողություն համարվում է իշխանության չարաշահում, ինչի համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Ոստիկանության բոլոր աշխատակիցներին կոչ ենք անում մնալ օրենքի ու իրենց լիազորությունների շրջանակներում, իսկ այն քաղաքացիներին, որոնք կառնչվեն իրենց նկատմամբ ապօրինի պահանջների եւ գործողությունների, մասնավորապես ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման, անմիջապես տեղյակ պահել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ»,- ասվա; է ՀԱԿ-ի հայտարարությունում: