Սիրիա առաքելություն ուղարկելը մարդասիրական գործողություն է եւ այն իրավաչափ է: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ես չէի ցանկանա կրկնել այն հիմնավորումները, որոնք մենք տվել ենք. դրանք վերաբերում էին իրավաչափությանը, միջազգային հարաբերություններում այդպիսի գործողություն անելու ճիշտ ժամանակին:

Մի երկիր արձագանքում է դրական, մեկ այլ երկիր՝ ոչ դրական, կամ հայտարարում է, որ չի աջակցում մեր գործողություններին: Իհարկե, դա ժամանակի խնդիր է, ամեն ինչ կկարգավորվի, մեր գործողությունը միայն ու միայն մարդասիրական է: Այնքան հարցեր են տրվել, որ այս մարդասիրական գործողությունը դարձել է հարցադրումասիրական»,-հայտարարեց Դավիթ Տոնոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը  տրամադրել էր ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները:

Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:

Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):