Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը բուժվում է Սաուդյան Արաբիայում, հաղորդել է եգիպտական «Ալ-Ահբար» թերթը, որը համարվում է կառավարության խոսափողը: Առայժմ անհայտ է, թե ինչպես է նրան հաջողվել հայտնվել արտերկրում, Եգիպտոսի իշխանությունները նրան արգելել են լքել երկիրը:

Պարբերականի տվյալներով, հիվանդին ախտորոշել են կոլիտ եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:

Մարտի 1-ին եգիպտական մեկ այլ` «Ալ-Յաում աս Սաբիա» թերթը հայտնել էր, թե նախկին նախագահին բուժման համար տեղափոխել են եգիպտական հիվանդանոցներից մեկը: Պարբերականը նշել էր, որ Մուբարաքը մտադիր է եղել գաղտնի անցնել Սաուդյան Արաբիա, բայց նրան արգելել են:

Մուբարաքը փետրվարի 11-ին լքել է Եգիպտոսի նախագահի պաշտոնը` 30 տարի կառավարելուց հետո: