Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ ուղեկցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց մարզպետին նշանակման առիթով:

Հանդիպման ընթացքում խոսվեց 1988 թ. երկրաշարժի աղետալի հետեւանքների եւ դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Շիրակի մարզի բնակչությունը շնորհիվ իր հավատքի եւ զորեղ կամքի կարողացավ ամուր եւ հաստատուն պահել իր ոգին:

Նորին Սրբությունը կարեւորությամբ ընդգծեց, որ այսօր պետության կողմից աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Գյումրիին վերադարձվի երբեմնի փառքը: Հայոց Հայրապետը փաստեց, որ Մայր Աթոռը մշտապես իր զորակցությունն է բերել Գյումրիին` տարբեր ծրագրերի միջոցով նպաստելով սոցիալական խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ մշակութային կյանքի զարգացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Մայր Աթոռի եւ թեմի կողմից նախաձեռնված այդ ծրագրերը շարունակական կլինեն:

Անդրադառնալով թեմի հոգեւոր կյանքի զորացմանը եւ հոգեւոր դասի ծառայությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ ընդգծեց, որ շիրակցիները միշտ առանձնացել են քրիստոնեական հավատի հանդեպ նախանձախնդրությամբ եւ իրենց եկեղեցասեր նկարագրով:

Իր հերթին նորանշանակ մարզպետը նշեց, թե որպես հայ մարդ եւ հայ քրիստոնյա պատիվ է համարում գտնվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Տիգրան Պետրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Շիրակի մարզի խնդիրները եւ առկա մարտահրավերները, անդրադարձավ մարզի զարգացման հեռանկարներին` այդ գործում կարեւորելով նաեւ համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ:

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը ուժ եւ կարողություն մաղթեց մարզպետին մարզի ժողովրդի բարօր ու շեն կյանքի կերտման գործում: