Ժողովրդական կուսակցության փետրվարի 28-ին կազմակերպված հանրահավաքում նշվել էր, որ «Սարդարապատ» շարժումը ցանկություն ունի ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքում հանդես գալ ելույթով, սակայն ՀԱԿ–ի ղեկավարությունը նպատակահարմար չգտավ «Սարդարապատ» շարժման ներկայացուցչին ելույթի հնարավորություն ընձեռել։

Ստորև ներկայացնում ենք «Սարդարապատ» շարժման ներկայացուցչի չհնչած ելույթն ամբողջությամբ։

«Մարտի  1-ի մասին արվել են բոլոր վերլուծությունները եւ տրվել են բոլոր գնահատականները: Անցած երեք տարիների ընթացքում լեգիտիմությունից զուրկ իշխանությունները այդպես էլ չցանկացան  գտնել գեթ մեկ անձի, որին պատասխանատվության կանչեն տասը զոհված, տասնյակ վիրավորված եւ ազատազրկված քաղաքացիների համար:

Այսքանից հետո առնվազն մոլորություն, եթե չասենք հանցավոր անպատասխանատվություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաներում , երբ դեմոնտաժի դեռ չի ենթարկվել «ընտրություններ» կոչվող դիվային մեքենան: Այդ իսկ պատճառով, «Սարդարապատ» շարժումը պնդել է, եւ շարունակում է պնդել «Ոչ ընտրություններին» կարգախոսի եւ ուղիղ ժողովրդավարության ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակի վրա:

Եթե երկու տարի առաջ այս կարգախոսը ընկալվում էր որպես ընդամենը ռոմանտիկ մարդկանց անհնարին ցանկություն, ապա այսօր, մեր շուրջը, արաբական երկրներում ծավալված աշխարհաքաղաքական տեկտոնական ընթացքների տրամաբանությունը, ակնհայտ է դարձնում, որ վաղ թե ուշ այս ալիքը հասնելու է Կովկաս, այդ թվում նաեւ Ադրբեջան, եւ անչափ կարեւոր է, որ Հայաստանը օր առաջ պատրաստ լինի այդ, ժամանակային իմաստով անկանխատեսելի զարգացումներին: Նույն արաբական երկրների փորձը լավ դաս է Հայաստանի համար, գիտակցելու, որ միայն իշխանափոխությամբ մենք չենք հասնի մեր նպատակին, այն է հասնել անշրջելի համակարգային փոփոխությունների: Հարկավոր է Հայաստանի եւ Սփյուռքի լավագույն դիմադրական ուժերի միատեղումը այս անցումը առավել անցնցում իրականացնելու համար:

Այս վարչակարգին պետք է «ժողովրդավարություն»` առանց ժողովրդավարների, «ազատականություն»` առանց ազատականների, «նժդեհականություն»` առանց ազգայինների, «հայկական աշխարհ» առանց ֆիզիկական Հայաստանի ...մի խոսքով սնամեջ հայրենիք, որի անունն է «Երեւանի խանություն»...

Մեր հայրենիքը բազմիցս է ցույց տվել անկումից հետո փյունիկի նման հարություն առնելու իր կարողությունը: Միայն մտքով հնարավոր չէ հասկանալ եւ ըմբռնել պահի ողջ ճակատագրականությունը: Լայն բացենք մեր սրտերի դռները` նրանց թակող 4-րդ հանրապետության առջեւ»: