«Առավոտ» օրաթերթը զրուցել է «Լինսի» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի նախկին համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

Հիմնադրամը փակվեց, եւ հիմնադրամի գումարների ողջ մնացորդը մնաց Լոսում։

Այո, «Լինսի» հիմնադրամը փակվել է, եւ 200 միլիոն դոլարը տրվել է UCLA Լոս Անջելեսի հայտնի համալսարանական կառույցին։ Բայց հիմնադրամի մնացորդային գումարները 200 միլիոն դոլար չեն եղել, եղել են 212,8 միլիոն, որից 10,5 միլիոնը տրվել է դարձյալ հայաստանյան ծրագրերին՝ 6 մլն-ն՝ Հայաստանում իրականացվող դպրոցաշինությանը, իսկ 4.5 մլն-ն՝ միացյալ հայկական հիմնադրամին՝ հայաստանյան մարդասիրական ծրագրերը շարունակելու համար։ Այնպես որ, լուրերը, թե «Լինսիի» ողջ մնացորդը մնացել է Ամերիկայում, ճիշտ չեն։

Այնուամենայնիվ, ծրագրի ընթացքում տեղեկություններ էին տարածվում, որ Քըրք Քըրքորյանին խաբում են, որ միջոցները կողոպտվում են եւ այլն։

Կողոպտում, ձախողում եւ այլն, բացարձակ ստեր են։ Երբեմն ասում են, թե՝ ինչո՞ւ չեք պատասխանում։ Ես հիմա հայտարարում եմ՝ «Լինսի» ծրագիրը Հայաստանում իրականացված այդ մասշտաբի ամենաչկոռումպացված ծրագիրն էր։ Ինչ վերաբերում է գումարների փոշիացմանն ու չարաշահումներին, ես պատրաստ եմ հանգամանալի բացատրություններ եւ վերլուծություններ ներկայացնել։