Ստամբուլահայ Լեո Սուրեն Հալեպլին մարտի 1-ից նշանակվել է աշխատանքի Եվրամիության հետ Թուրքիայի անդամակցության համար տարվող աշխատանքներում որպես փորձագետ։ Այս մասին, Պորտուգալիա թռչելու ընթացքում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը։
Թուրքական Turktime-ի փոխանցմամբ՝ պետնախարար Բաղըշը լրագրողներին հիշեցրել է, որ 2009-ին ԵՄ-ի հետ բանակցությունների ընթացքում մասնագետների կարիք է առաջացել, եւ աշխատանքի ընդունելության համար քնննություն է հայտարարվել։ «Մենք նկատեցինք, որ քննություններին դիմել են 2 ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ։ Լեո Սուրեն Հալեպլին հաջող կարողացավ հանձնել թե գրավոր, թե բանավոր քննությունը»,-պատմել է թուրք նախարարը՝նշելով, որ քննությունը չեղյալ համարելու համար մի մասնակից դիմել էր վարչական դատարան, որի պատճառով Սուրենի նշանակումը հետաձգվել էր։
«Վճռաբեկ դատարանը 2011-ի փետրվարին կասեցրեց վարչական դատարանի որոշումը, որով Սուրենի նշանակման գործընթացը կանգնեցվել էր եւ մեր առջեւ ոչ մի արգելք չմնաց Սուրենին նշանակելու իր աշխատանքին»,-ասել է Էգեմեն Բաղըշը։
Նշենք, որ Թուրքիայում 1926-ին ընդունված օրենքով արգելվում է ոչ մահմեդականներին աշխատել կառավարությունում։


























