Բրիտանական Հիթրոու օդանավակայանում կասեցվել է հնագույն բաբելոնյան արտեֆակտի մաքսանենգության փորձը, հաղորդում է The Guardian-ը:
Այդ թանկարժեք իրն իրենից ներկայացնում է 30 սմ երկարությամբ սեպաձեւ ռելիեֆով կտոր, որի վրա քանդակված են կենդանիներ: Պարբերականում նշում են, որ արտեֆակտը գողացվել էր Իրաքում եւ պատկանում է մ.թ.ա երկրորդ հազարամյակին. այն արժանի է պահվելու աշխարհի ամենահայտնի թանգարաններում:
Սահմանապահների մոտ կասկած է առաջացրել հայտարարագիրը, որում ուղեւորը գրանցել էր, որ տեղափոխում է «փորագրված քար տան համար», որն, իբրեւ, պատրաստված էր Թուրքիայում եւ գնահատվում էր 300՝ առանց արժույթի անվան:
Ուղեբեռը ստուգող սպան փնտրել է Google-ում դրա մասին տվյալները, այնուհետեւ կապ հաստատել Բրիտանական թանգարանի հետ, որի փորձագետներն ուսումնասիրել են արվեստի այդ հնագույն գործը:
Արդյունքում պարզ է դարձել, որ մաքսանենգը փորձում էր անցկացնել հնագույն արտեֆակտ Կուդուրրու փաստաթուղթը, որը Բաբելոնում ծառայում էր որպես սահմանաքար եւ ազնվականների սեփականության խորհրդանիշ:
Նշվում է, որ այս ամսվա ընթացքում Բրիտանական թանգարանը կուղարկի կուդուրրուն հայրենի Իրաք:





























