Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 1-ին կազմակերպած հանրահավաք են ուղարկվել եւ հանրահավաքի մասնակիցների հետ բախումներ են սադրել քաղաքացիական հագուստով ոստիկաններ եւ հատուկ գործակալներ։ Փետրվարի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով, ոստիկանության նմանօրինակ գործողությունները դուրս են օրինականության սահմանից եւ հանցավոր են։ «ՀԱԿ-ը պատրաստ է հարգել ոստիկանների օրինականության սահմաններում տեղավորվող հրահանգները, սակայն քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր ոստիկան լինելը հաստատող փաստաթուղթ չէին ներկայացնում, արհեստականորեն լարում էին մթնոլորտը եւ հավաքվածների հետ բախումներ հրահրում»,- նկատեց նա։
Հարցին, թե ինչո՞վ կբացատրի համոզմունքը, որ ոստիկանությունը վիճաբանություններ սադրող հատուկ գործակալներ եւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ է ուղարկել մարտիմեկյան հանրահավաքին, Զուրաբյանն ասաց. «Մենք ականատես էինք լինում, թե ինչպես սովորական հագուստներով մարդիկ հավաքվում էին ոստիկանների շուրջ, հրահանգներ ստանում եւ ցրվում»։
ՀԱԿ համակարգողը նշեց նաեւ, որ ոստիկանները, հասարակական կարգը հսկելու փոխարեն, մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ քարոզչական աշխատանքներ են տարել, մարդկնաց հրահանգել են այս կամ այն ցուցապաստառները պահել եւ այլն։ «Ոստիկաններն իրենց այս գործողություններով քարոզչական գործիք էին դարձել իշխանությունների ձեռքին։ Բացի այդ, նրանք չէին փակել Մատենադարանին կից Կորյուն փողոցը, որպեսզի մարդկանց ազատ ելումուտի ֆոնին տպավորություն ստեղծվեր, թե հանրահավաքի մասնակիցները քիչ են եւ ցրված»,- ընդգծեց Լեւոն Զուրաբյանը։
Ամփոփելով՝ նա իշխանություններին կոչ արեց մարտի 17-ին կայանալիք ՀԱԿ հաջորդ հանրահավաքի համար տրամադրել Ազատության հրապարակը կամ փակել Մատենադարանին կից Կորյուն փողոցը՝ ավելի մեծ թվով մարդկանց կենտրոնացնելու նպատակով, ինչպես նաեւ դադարեցնել բախումներ սադրող հատուկ գործակալների եւ քաղաքացիական հագուստով ոստիկանների մուտքը հանրահավաքի մասնակիցների շրջան։
Նշենք, որ ՀԱԿ-ն իր վերջին հանրահավաքը հրավիրել էր մարտի 1-ին՝ հայտնի իրադարձությունների 3-ամյակի օրը, իսկ Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նախանշված է արդեն մարտի 17-ին։





























