Ես չեմ կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն ուղղված է Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ դա պարզապես հիշեցում էր հակամարտության բոլոր կողմերին, որ կողմերը բանակցային սեղանին այլ փաստաթուղթ չունեն:
«Սեղանին Մադրիդյան սկզբունքներ են: Դրանք կարող են փոքր ինչ տարբերվել եւ մի փոքր այլ լինել տարբերակների առումով, սակայն բանակցային գործընթացի փիլիսոփայությունը եւ սկզբունքն այնպիսին է, ինչպիսին կա: Եվ չարժե դրանք սկզբունքներ անվանել: Սկզբունքն այն է, ինչին համաձայնել են բոլոր կողմերը:
Այստեղ իրավիճակն, ամեն դեպքում այդպիսին չէ», - բացատրեց նա՝ հավելելով, որ սա, ըստ էության, այն լեզուն է, որով միջազգային հանրությունը պատրաստ է խոսել այս թեմայով եւ դա պետք է հաշվի առնեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Ղարաբաղը եւ Ադրբեջանը:
Միեւնույն ժամանակ, Իսկանդարյանը նշեց, որ այս թեմայով խոսակցության համար, այլ միջոց պարզապես չկա: Նա ընդգծեց, որ այս ձեւաչափով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, առնվազն 2016 թվականից սառեցված է եւ համանախագահների վերջին հայտարարությունը, փաստորեն, այս գործընթացը վերսկսելու փորձ է:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացն այսօր այն վիճակում չէ, որ լուծի ղարաբաղյան խնդիրը: Ակնկալել, որ այդ գործընթացի շրջանակում հնարավոր կլինի ինչ-որ բեկման սպասել, կտրուկ բարելավման եւ առավել եւս խնդրի կարգավորման, այնքան էլ իրական չէ:
Խիստ ասած՝ 2011 թվականից սկսած Մինսկի գործընթացի շրջանակում ոչ ոք չի էլ զբաղվել տվյալ հակամարտության կարգավորմամբ:
Տվյալ հակամարտության լուծման ճանապարհին իրական քայլ անելու վերջին փորձն արվել էր Կազանում», - ասաց Իսկանդարյանը:
Դրա հետ մեկտեղ փորձագետը հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահներն իրականում զբաղված են ղարաբաղյան հակամարտույան մենեջմենթով եւ փորձում են աշխատել փոխադարձ վստահության բարձրացման, միջադեպերի հետաքննման մեխանիզմների ձեւավորման, մոնիթորինգների թվի ավելացման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի խմբի ընդլայնման ուղղությամբ:
Իսկանդարյանը նշեց, որ տվյալ հակամարտությունը հնարավոր չէ լուծել այս մեթոդների միջոցով, սակայն դա օգնում է շփման գծում լարվածության նվազեցմանը: «Այս ամենը վկայում է, որ արդեն վաղուց ոչ ոք իրական ջանքեր չի գործադրում այս հակամարտությունը լուծելու համար», - եզրափակեց քաղաքագետը:





























