Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը դրական է գնահատում «Ժառանգություն» կուսակցության՝օրերս կատարած խորհրդարանական դեմարշը։ Այս մասին նա հայտարարեց մարտի 3-ին  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հարցին, թե մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելու համար ինչո՞ւ հատուկ ուշադրության եւ ողջույնի չարժանացավ ՀԱԿ-ի համակրանքին արժանացած քաղաքական այդ ուժը եւ անձամբ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Զուրաբյանն ասաց. «Նրանց հանրահավաքին մասնակցելու արարքի մեջ հատուկ ոչինչ չեմ տեսնում»։

Անդրադառնալով ընդդիմության միավորման գաղափարին՝ ՀԱԿ համակարգողը նկատեց, որ այն արհեստական է եւ «զոռով» է փաթաթվում ժողովրդի վզին։ «Ընդդիմությունը վաղուց արդեն միավորված է։ Դա տեղի է ունեցել դեռ 3 տարի առաջ։ Իսկ եթե մինչ օրս կան այսպես ասած, դրսում գտնվող ուժեր, նրանք եւս կարող են ընդգրկվել համաժողովրդական պայքարի մեջ»,- նկատեց նա։

Ամփոփելով Զուրաբյանը նաեւ խոստացավ, որ մարտի 17-ին նախանշված ՀԱԿ հաջորդ հանրահավաքը էլ ավելի զանգվածային եւ հզոր  է լինելու։ «Մարտի 1-ի հանրահավաքը հոյակապ, համաժողովրդական հանրահավաք էր։ Հավաքված ավելի քան 50 հազար մարդիկ հավաստեցին, որ մեր շարժումն ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում»:

Նշենք, որ փետրվարի 28-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սուր քննադատության էր ենթարկել վերջերս ստորագրված կոալիցիան հուշագիրը՝ նշելով. «Այդ քայլով Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարեց հայ հասարակությանը. «Պետությունը ես եմ»: Այդ հուշագրի ստորագրմամբ ամրագրվում է Սերժ Սարգսյանի կառավարումը հետագա 7 տարվա համար, երբ շարունակվելու է ներկայիս հակաժողովրդական քաղաքականությունը, որը նպաստում է արտագաղթի աճին եւ տոտալ ապօրինություններին»։ Այս հայտարարությունից հետո կուսակցության անդամները լքել էին Ազգային ժողովի նիստերի դահլիճը: