Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը կրկին շարունակելու է իր ռազմատենչ հայտարարությունները, որոնք արել է մինչ այդ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 3-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով նախագահների եռակողմ հանդիպմանը:
«Ես կոչ եմ անում համանախագահներին, որպեսզի մի փաստաթուղթ ստորագրվի, որտեղ գրված լինի, որ բացառվում է ուժի կիրառումը եւ նաեւ կիրառելու դեպքում ձեռնարկվող պատժամիջոցները: Այս դեպքում ալիեւյան կլանը շատ հանգիստ կնստի արդեն բանակցությունների, իսկ այդ հայտարարություններն արդեն շատ ծիծաղելի են դառնում, առավելեւս, որ մենք ավելի ենք ամրանում, ամրանում է բանակը»,-նկատեց Սահակյանը:
Նշենք, որ երեք երկրների ղեկավարների հանդիպումըր տեղի կունենա մարտի 5-ին՝ Սոչիում: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին ավելի վաղ հայտնել են, որ այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:





























