2002 թ. համեմատ Հայաստանում գիտնականների թիվը 2007 թ. նվազել է։ Այդ մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի հաշվետվության մեջ։ Ըստ այդմ՝ 2002թ. Հայաստանում եղել է 4927 գիտնական, որից 47.0% կանայք, իսկ 2007թ.` 4114 գիտնական, որից 44.7% կանայք:

Գիտնականների թիվն աճել է բոլոր եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում, Ավստրալիայում, ամերիկյան, աֆրիկական եւ ասիական երկրների մեծ մասում: Ռուսաստանում գիտնականների թիվը նվազել է 415 հազարից մինչեւ 376 հազար, Ուկրաինայում` 85-ից 79 հազար, Վրաստանում` 12-ից 8 հազար, իսկ օրինակ Ադրբեջանում աճել է 10-ից մինչեւ 11 հազար:

1 միլիոն բնակչությանը բաժին ընկնող գիտնականների թվով Հայաստանը 1339 ցուցանիշով աշխարհում 48-րդ տեղում է: Եվրոպական երկրներում այս ցուցանիշը տատանվում է 1000-13 000 սահմաններում (ամենաբարձրը հյուսիսային երկրներում է. Իսլանդիա` 13181, Ֆինլանդիա` 10111, Նորվեգիա` 8845, Շվեդիա` 7982, Դանիա` 7895): ԱՄՆ-ի ցուցանիշն է 4663, Ճապոնիայինը` 6934, Ռուսաստանինը` 2658:

Առավել ընդգծված է հայ գիտնականների ակտիվությունը, եթե հրապարակումների թիվը հարաբերենք գիտնականների թվին: Օրինակ, Հայաստանի 544 հրապարակումներն ապահովել են 4114 գիտնական (մեկ գիտնականի տված միջին արդյունքը` 0.132); Վրաստանի ցուցանիշն է 0.040, իսկ Ադրբեջանինը՝ 0.026։ Այսինքն հայ գիտնականները իրենց արդյունավետությամբ համապատասխանաբար 3 եւ 5 անգամ գերազանցում են վրացի եւ ադրբեջանցի գիտնականներին:

Նախկին Խորհրդային Միության երկրների մեջ Հայաստանն այս ցուցանիշով Էստոնիայի հետ մեկտեղ կիսում է 1-2 տեղերը: Այնուհետեւ գալիս են Լիտվան (0.125), Մոլդովան (0.086), Ռուսաստանը (0.072) եւ Ուկրաինան (0.063): ԱՄՆ-ի գործակիցն է 0.191, իսկ Եվրոպական երկրների ցուցանիշները տատանվում են 0.1-0.5 սահմաններում։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալների՝ 2007 թվականին Հայաստանում գիտությանը կառավարության կողմից տրամադրվել է 36.2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար (ի դեպ, այս տվյալները չափազանցված են, քանի որ բյուջեով գիտությանը հատկացված էր մոտ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար), Վրաստանում` 27.8, Ադրբեջանում` 114.4:

Մեկ գիտնականի հաշվարկով Հայաստանում գիտությանը տրամադրվել է 8.8 հազար դոլարին համարժեք գումար։ Նախկին ԽՍՀՄ տարածքում այս ցուցանիշը տատանվում է 3.4-62.2 հազ. դոլար սահմաններում (ամենաբարձրը Ռուսաստանում է):

Նշենք, որ եվրոպական զարգացած երկրներում գիտնականի տարեկան միջին ֆինանսավորման ծավալն է 153.3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք, այսինքն հայ գիտնականից 17 անգամ ավելի (ամենաբարձրը Նիդերլանդներում է` 240.9 հազ. դոլար): ԱՄՆ-ում այդ ցուցանիշն է’լ ավելի բարձր է` 279.3 հազ., Ավստրալիայում` 175.4 հազ., Կանադայում` 172.4 հազ., Ճապոնիայում` 167.5 հազ.:

Գիտության առանձին բնագավառներում հատկապես ակնառու է հայ գիտնականների ցուցանիշների առավելությունը ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, Երկրի մասին գիտությունների, կենսաբժշկության ոլորտներում: