ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը այսօր` մարտի 3-ին կառավարության շենքի առաջ տեղի ունեցած միջադեպից հետո հանդիպել են վարչապետին եւ հայտնել իրենց բողոքը տեղի ունեցածի վերաբերյալ:

«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ Տիգրան Սարգսյանն իրենց ներկայությամբ զանգահարել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ հանձնարարել ծառայողական քննություն սկսել այսօրվա միջադեպի հետ կապված: «Ոստիկանապետը վարչապետին հայտնել է, որ իրենք արդեն սկսել են ներքին ծառայողական քննություն եւ արդյունքների մասին կիրազեկեն հասարակությանը»,-փոխանցեց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:

Ոստիկանները հրմշտել ու քաշքշել են ցուցարարներին, որի հետեւանքով վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները սրսկել են նրան: Վնասվածքներ է ստացել նաեւ Արմեն Մարտիրոսյանը: Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ հանդիպում պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Նշենք, որ Հանրապետության հրապարակում էր նաեւ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով խոստացել է պարզել միջադեպի պատճառները: Նա, սակայն, տեղի ունեցածի մասին կխոսի միայն 50 օր անց:

Իսկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնել է, որ մտահոգված է տեղի ունեցածի կապակցությամբ եւ խնդրի մասին կզեկուցի վարչապետին: