«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների հրահանգով ոստիկանների ձեռնարկած սանձարձակությունները ՀՀ քաղաքացիների, այդ թվում «Ժառանգության» վարչության անդամների եւ պատգամավորների հանդեպ, պահանջում է քրեական գործ հարուցել օրինազանց ոստիկանների ու նրանց համապատասխան հրահանգներ տված պետական պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին ասված է «Ժառանգության» կողմից տարածված հաղորդագրության մեջ, որում ներկայացվում է Կառավարության շենքի առաջ տեղի ունեցածի` «Ժառանգության» վարկածը:

«Այսօր առավոտյան ոստիկանները` կոպտորեն խախտելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, բիրտ ուժի կիրառմամբ ցրել են Կառավարության շենքի մոտ բացօթյա առեւտրի իրավունքից զրկված քաղաքացիների բողոքի խաղաղ ցույցը: Պատժիչ գործողության ընթացքում հասարակական կարգի պահապանները` Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ եւ անմիջական մասնակցությամբ, պահելով իրենց սովորական փողոցային խուլիգանների պես, իրականացրել են քրեական օրենսգրքով անթույլատրելի մի շարք արարքներ` բռնություն գործադրելով խաղաղ ցուցարարների, այդ թվում ակցիային մասնակցող «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամների ու համանուն խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ, ինչը միեւնույն ժամանակ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված` պատգամավորական անձեռնմխելիության խախտում է»:

Ոստիկանության գործողությունների վերաբերյալ այս հաղորդագրությունը, որպես հաղորդում հանցագործության մասին, «Ժառանգությունն» ուղղարկել է  նաեւ ՀՀ իրավապահ մարմիններին, Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Կարեն Անդրեասյանին»,- ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ: