Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ է նշանակվել գնդապետ Արթուր Մեհրաբյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այդ նա զբաղեցնում էր Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության շտաբի պետի պաշտոնը:

Նշենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ փետրվարի 26-ին Արաբկիրի ոստիկանապետ Վարազդատ Ադամյանը ազատվել էին աշխատանքից:

Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի փետրվարի 26-ի հրամանագրով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանն ու Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

Մինչ այդ՝ փետրվարի 23-ին վերը նշված անձանց աշխատանքից ազատելու միջնորդությամբ ՀՀ ոստիկանապետին էր դիմել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Միջնորդության մեջ նշվել էին մի շարք հանգամանքներ, որոնք ի հայտ էին եկել Արաբկիրի շրջանում տեղի ունեցած մի սպանության գործով հետաքննության ընթացքում: