«Իրատես de facto» թերթն իր «Ասում են…» խորագրի ներքո գրում է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ սկսված վերջին դեմարշը ղեկավարվում է որոշակի կենտրոնից, հիմնականում պրոռուսական շերտերից, որոնց մեջ չգիտես ինչու կրկին հույս է արթնացել, թե Ռուսաստանն այնքան դեմ է արեւմտյան «ուղղվածություն ունեցող» վարչապետին, որ «ուզում է» այդ պաշտոնում ռուսասեր մեկին տեսնել, ինչն էլ բացարձակապես կապ չունի ո՜չ իրականության եւ ո’չ էլ Տիգրան Սարգսյանի շուրջ տեղի ունեցող «գործընթացների» հետ:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին ոչ միայն «պահելու է» մինչեւ խորհրդարանական ընտրություններ, այլեւ չի բացառվում, որ հենց նա ղեկավարի ՀՀԿ համամասնական ցուցակը:

Ընդ որում, անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանի եւ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի վերջին բարձրաձայնումները բավականաչափ զայրացրել են ՀՀԿ «վերին պատասխանատուին» եւ նա հրահանգել է «հարկավորներին» համապատասխան զեկույց տալ «թունելագործության» եւ ռեգիոնալ «համագործակցության» փորձի պակասից տառապող այդ պատգամավորների հետ, որպեսզի թե’ վերջիններս, թե’ նրանց պրոտեժեները «հեռու ման գան վարչապետից»: