Շների խումբը հարձակվել եւ հոշոտել է հնգամյա երեխային Մագադանի քաղաքային այգում. տղային վիրահատել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով մարզի ղեկավար մարմիններին:

Անցած տարի Մագադանում գրանցվել էր թափառող շների կողմից երեխաների վրա հարձակվելու երեք դեպք: Նախքան այդ դեպքերը, շները մինչեւ մահ հոշոտել էին կնոջը: Քաղաքային իշխանությունները փորձել էին լուծել այդ խնդիրը կենդանիներին հատուկ դեղանյութ ներարկելու միջոցով, սակայն կենդանիների պաշտպաններին հաջողվել էր արգելել այդ միջոցառումները դատարանի միջոցով:

«Երեխան լուրջ վնասվածքներով տեղափոխվել է տեղի հիվանդանոց եւ վիրահատվել: Մագադանի նահանգապետը պահանջել է քաղաքապետարանից իրավապահ մարմինների հետ միասին օրենքի շրջանակներում լուծել թափառող շների խնդիրը, որոնք սկսել են հարձակվել մարդկանց վրա: Քաղաքապետարանի պաշտոնյաները պետք է զեկուցեն ձեռնարկված քայլերի եւ որոշումների մասին մեկ օրվա ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ: