Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման խնդրում ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով համագործակցում է Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը, ելույթ ունենալու Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օրերս կայացած միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովին:

Նա նշել է, որ  որոշ մարդիկ պնդում են, թե իբր ռուսները գործընթացը աստիճանաբար իրենց վերահսկողության ներքո են վերցնում` կազմակերպելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանդիպումներ, սակայն հարցն այստեղ այն է, որ «ռուսներն աշխարհագրորեն ավելի մոտ են հակամարտող կողմերին, եւ ավելի հեշտ է հանդիպում կազմակերպել նրանց միջնորդությամբ ասենք Սոչիում, Մոսկվայւմ, Սանկտ-Պետերբուրգում կամ Աստանայում, քան ավելի հեռու գտնվող Վաշինգտոնում»:

«ԱՄՆ-ը կարծում է, որ ռուսները գործում են թափանցիկ ձեւով եւ Մինսկի Խմբի համանախագահող միջնորդ մյուս կողմերը` ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, տեղեկացվում են հանդիպումների մանրամասներին: Համանախագահների միջեւ այս խնդրում առկա է փոխվստահություն, քանի որ նրանք հանդես ենք գալիս ընդհանուր շահերի պաշտպանության դիրքերից: Իսկ այդ շահերը կայանում են Եվրոպայում համապարփակ անվտանգության ապահովման հրամայականով»,- ասել է նա:

Հարցին, թե արաբական բռնատիրական երկրներում ծավալված ժողովրդական շարժումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Ադրբեջանի վրա, Ֆիլիպ Գորդոնը նախընտրել է չպատասխանել:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականին հարց է ուղղել նաեւ ադրբեջանցի մասնակիցներից մեկը, ասելով, որ ինքը շատ հիասթափված է, քանի որ Մինսկի Խումբը գործում բավական երկար ժամանակ բանակցությունների անցկացման միակ  ձեւաչափն է, որ այն «որեւէ արդյունք չի տալիս», այնուհետեւ հարցրել է, թե արդյոք այլընտրանքային բանակցային ուղիներ չկա՞ն հարցի կարգավորման համար:

Ի պատասխան Գորդոնը նշել է, որ ինքն ըմբռնումով է մոտենում գիտաժողովի այս մասնակցի հիասթափությանը, ապա շարունակել է. «Հակամարտությունը սառեցված է համարվում, բայց հաճախ են սահմանային գծերում տեղին ունենում հրադադարի խախտման միջադեպեր` զոհերի ելքով: Կարող է ինչ-որ սխալ հաշվարկների հետեւանքով հակամարտությունը սառից տաքի վերածվի, եւ անհրաժեշտ է կանխել նման սցենարը»: Նա ավելացրել է, որ ինքը  չի կարծում, որ խնդիր Մինսկի Խմբի մեջ պետք է փնտրել: Եթե իրենք զգային, որ կարող է այլ, ավելի արդյունավետ ձեւաչափ լինել, ապա պատրաստ կլինեին այն քննարկել: Սակայն ԱՄՆ-ը կարծում է, որ Մինսկի Խումբը շատ լավ է աշխատում: Այն մեծ աշխատանք է տանում, որպեսզի հաղթահարվեն առկա անհանգստությունները եւ տարաձայնությունները: Գորդոնը նշել է, որ իրենք գործընթացում առաջընթաց գրանցում են: